Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար Փաստաբանների պալատին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 134 միլիոն 821 հազար 915 դրամի հափշտակության գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց:
Գործը քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Նիստը չկայացավ ամբաստանյալ, Փաստաբանների պալատի նախկին հաշվապահ Կարինե Սարգսյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի զբաղվածության պատճառով, նա ուշ էր ստացել նիստի վերաբերյալ ծանուցագիրը:
Ի դեպ, նախորդ երկու դատական նիստերը նույնպես հետաձգվել են, գործի քննությունը դեռ չի սկսել:
Նշենք, որ Կարինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ. նոյեմբերի 1-ից աշխատելով ՀՀ փաստաբանների պալատում որպես գլխավոր հաշվապահ, հանդիսանալով փաստաբանների պալատի ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն ունեցող, նյութական պատասխանատու անձ, չի պահպանել հաշվապահական հաշվառման վարման կանոնները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2012թ. հունվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է Փաստաբանների պալատին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 134 միլիոն 821 հազար 915 դրամը: