Հունվարի 21-ին, աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին:
«Համոզված եմ, որ նոր չափագրումներից հետո կլինեն տարբերություններ: Պետք է հասկանանք միայն, թե թղթերում գրված տվյալների համեմատությամբ իրականում որքա՞ն են դրանք: Ամեն լումա մեզ համար շատ կարևոր է, և այն գումարները, որ պետք է այսօր հավաքագրենք, գնալու են միայն համայնքի խնդիրների լուծմանը: Որքան շատ հավաքագրվի, այնքան ավելի հարց կլուծվի»,- ընդգծել է քաղաքապետը:
Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել Աջափնյակ և Ավան վարչական շրջաններում: Արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինարարության 9 դեպք: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ տևական ժամանակ բացատրական աշխատանքներից հետո 2 հասցեներում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 12/4 (համայնքին պատկանող հողատարածքում կառուցված քարե ինքնակամ շինությունն օգտագործվել է որպես հավաբուն) և Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունները քաղաքացիների իսկ ուժերով քանդվում են:
Քաղաքապետը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, նկատել է, որ այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն: Իսկ այն աշխատակիցները, որոնք թերանում են, պետք է փոխարինվեն:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի