Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Գայանե Հովհաննիսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հանցավոր արարք կատարելու կասկածանքով»,-նշեց նա:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձանպես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ իր մտերիմներն են, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 3.700.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է:
Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: