Խանութից խոշոր չափերով գողություն կատարելու համար երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խանութից խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը՝ ծնված 1977թ., խանութից գողություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Արմավիրի մարզի՝ 1995թ. ծնված բնակչի հետ, 2017 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող խանութի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս, իսկ ընկերը, կանգնելով մուտքի դռան մոտ, հսկել է տարածքը: Այնուհետև Երևանի 42-ամյա բնակիչը դուրս է բերել տարբեր տեսակի ծխախոտներով լի պարկ, ալկոհոլային խմիչքներ, քաղցրավենիք և այլ իրեր, այդ թվում՝ գումար, բանկային քարտ,  որոնք նրանք տեղափոխել են  Երևանի բնակչի վարձակալած բնակարան։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն օրը Արմավիրի մարզի 24-ամյա բնակիչը գողացված բանկային քարտով կատարել է կանխիկացման գործարք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 42-ամյա բնակչին և Արմավիրի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել