Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՝ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նիստը նախագահել է դատավոր Վարդան Գրիգորյանը:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպանը՝ Կարեն Հակոբյանը: Փաստաբանի խոսքով, որոշումն անպայման բողոքարկվելու է: Նա նշեց նաև, որ Արամ Հարությունյանը դեռևս հետախուզման մեջ է:
Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք փաստաբանը կապ հաստատել է իր վստահորդի հետ, ու թե ինչպե՞ս է որոշվել, որ ինքն է լինելու փաստաբանը, Կարեն Հակոբյանը նշեց. «Ինքն է որոշել, իր հետ կապված քննչական գործողություններ են եղել, ես որպես պաշտպան մասնակցել եմ այդ քննչական գործողություններին: Պարոն Հարությունյանը Հայաստանում է»:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: