Ծանուցագրեր ուղարկողները պետք է առնվազն իրազեկ լինեն, որ ՀՀ-ում գործում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք. Թամարա Շաքարյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, ԵԽ ազգային փորձագետ, ի․գ․թ․, դոցենտ Թամարա Շաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրազեկում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության իրավակարգավորումների վերաբերյալ

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում է քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք: Ավելին, ինչպես նախորդ 2018 թվականի, այնպես էլ նախորդ մյուս տարիների համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրք` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, 5000 դրամ: Տեղական այս տուրքի չափը այս տարվա համար սահմանվել է նաև 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 42-Ն Երևանի ավագանու որոշման 1-ին մասի 12-րդ կետով:
Այլ է վարչական պատասխանատվության վկայակոչման խնդիրը, որի մասին, ըստ համացանցային տեղեկատվության, ՀՀ քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկվում վարչական շրջանի ղեկավարների կողմից: Այսպես, նախ ծանուցագրեր ուղարկողները պետք է առնվազն իրազեկ լինեն, որ ՀՀ-ում գործում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք (ՎԻՎՕ) և ոչ թե «ՀՀ ՎԻՎ օրենք» ինչպես գրված է ծանուցագրում, երկրորդ՝ իրավական որոշակիության հետ աղերսներ ունեցող հաջորդ խնդիրը այն է, որ պարզ չէ՝ ինչ իրավական նորմով է, ըստ վարչական շրջանի ղեկավարի, նախատեսված իր կողմից վկայակոչված վարչական պատասխանատվությունը: Ըստ ծանուցագրում վկայակոչած տուգանքի չափերի՝ կարող եմ ենթադրել, որ խոսքը ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար սահմանված վարչական պատասխանատվության մասին է, մինչդեռ հարկ է նկատել, որ տեղական տուրքը չվճարելը, չի կարող մեկնաբանվել որպես կենդանիների պահման կանոնի խախտում, որոնք հստակ սահմանված են Երևանի քաղաքի ավագանու 2011 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 312-Ն «Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնները հաստատելու մասին» որոշմամբ:

Հարկ է նկատել, որ տեղական տուրքը վճարվում է ընտանի կենդանի պահելու թույլտվություն ստանալու համար: Ըստ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա ավարտը: Ուստի հիմնավոր չէ կամ պարզ չէ, որ իրավական ակտից է բխում վարչական շրջանի ղեկավարի սահմանած 5-օրյա ժամկետում վճարելու ընտանի կենդանի պահողի պարտականությունը: Ավելին` 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 42-Ն Երևանի ավագանու որոշման 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում սահմանված թույլտվությունների տրամադրումը կարող է մերժվել: Այսինքն՝ չվճարման իրավական հետևանքը թույլտվության տրամադրման մերժումն է, որն էլ հայեցողական բնույթ ունի:

Որպես ի գիտություն նշեմ նաև, որ նշված օրենքի համաձայն՝ թույլտվությունն ստանալուց հետո տուրք վճարողի նկատմամբ, ըստ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, համայնքի ղեկավարը ավագանու որոշմամբ սահմանված կարգով իրավունք ունի կիրառելու՝ նախազգուշացում, կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում տույժի տեսակները:

Հ.Գ. Հարգելի’ հանրային ծառայողներ, այս իրազեկման անհրաժեշտությունը չէր ծագի, եթե առնվազն իրազեկ լինեք այն իրավական նորմերին, որոնք պիտի կիրառեք»:,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել