Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է եռանիշ հեռախոսահամարով: Կարճ և հեշտությամբ մտապահվող 1-05–ը բաժանորդների համար արդեն հասանելի է:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
«Կարևոր է իմանալ, որ 1-05-ը հեռախոսակապի բոլոր օպերատորների բաժանորդների համար գործում է անվճար: Նպատակն էր՝ էլ ավելի մատչելի դարձնել քաղաքապետարան – բնակիչ կապը: Այս կերպ լուծում ենք նաև քաղաքում տեղի ունեցող տարբեր խնդիրներին առնչվող քաղաքացիների արագ արձագանքման խնդիրը: Սա ոլորտի բարեփոխումների մեկնարկն է, որը լինելու է շարունակական»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարին զուգահեռ՝ տևական ժամանակ կշարունակի գործել նաև (011) 514-000-ն: Միաժամանակ բոլոր քաղաքացիները տեղեկացվում են նոր հեռախոսահամարի մասին:
1-05-ն աշխատելու է նույն ժամանակացույցով. յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-18:00-ն, այդ թվում շաբաթ և կիրակի օրերին: Ոչ աշխատանքային ժամերին քաղաքացիների հետ կապը պահելու համար առաջիկայում կներդրվեն հետաքրքիր այլ գործիքներ:
«Առաջիկայում գործարկվելու է նաև ձայնային հաղորդագրության հնարավորությունը: Այդպես քաղաքացիներն իրենց մտահոգող խնդիրները կկարողանան ներկայացնել նաև աշխատանքային օրվա ավարտից հետո: «Թեժ գծի» աշխատակիցները հաջորդ օրը, լսելով հաղորդագրությունը, կգրանցեն հարցերն ու առաջարկները և, ներբեռնելով դրանք փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ, կտրվի համապատասխան ընթացք»,- մանրամասնում է Սերգեյ Հարությունյանը:
«Թեժ գիծը» շարունակելու է կամուրջ լինել քաղաքային իշխանության և բնակիչների միջև: Գրեթե առանց դադարի աշխատող հեռախոսներն ամեն օր ստանում են տասնյակ զանգեր: Միայն 2018թ. «Թեժ գծով» ստացվել է շուրջ 83 հազար հեռախոսազանգ, որոնց մեծ մասը եղել էխորհրդատվություն կամ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Ավելի քան 25 հազար հեռախոսազանգ էլ վարչական շրջաններն են ստացել:
Քաղաքի խնդիրների մասին Երևանի քաղաքապետարան այսուհետ բարձրաձայնե՛ք 1-05 կարճ և ԱՆՎՃԱՐհեռախոսահամարով:
Տեսանյութը՝ քաղաքապետարանի