Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» , այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը…» հոդվածները, ըստ որոնց «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից:
Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք:
Յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պարտավոր է կից ներկայացնել փաստը, որով կապացուցի իր խոսքերի ճշմարիտ և օբյեկտիվ լինելը. նշված հոդվածը չի ներկայացնում ոչ փաստաթուղթ, ոչ ձայնագրություն:
Ավելին, հաշվի առնելով քննության նյութերի գաղտնիության հանգամանքը՝ ինձ մոտ հարց է առաջանում. ինչ աղբյուրից է լրատվամիջոցը տիրապետում, իսկ տիրապետելու պարագայում՝ օրինականությունը, և ինչու չի հրապարակում ապացույց հանդիսացող փաստաթուղթը:
Բովանդակությամբ ոչինչ չասող այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից, որին կցված ձայնագրությունը օբյեկտիվ ապացույց է իմ դեմ ուղղորդված հետապնդման, դրան հաջորդող հնարովի մեղադրանքի, իսկ այս թեմայով հրապարակումները տարբեր լրատվամիջոցներում կարելի է համարել ուղղորդվող տրամաբանական շարունակությունն այդ ամենի»: