Անձամբ ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար անհրաժեշտ էր չսահմանափակվել իր կարծիքով փոփոխության ենթակա նորմին մակերեսային ծանոթությամբ.Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը արձագանքել է Իրավաբան.net-ի այն հրապարկմանը, որտեղ ԱԺ նորընտիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ծիծաղելի է համարել դատախազության կողմից նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու դեմ բողոքը:

Ստորև ներկայացնում ենք Գոռ Աբրահամյանի պատասխանը.

«Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը Ազգային Ժողովի պատգամավորների սահմանադրական իրավունքն է: Սակայն ափսոսում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց գրավի անթույլատրելիության դեպքերը սահմանող նորմում փոփոխություններ և լրացումներ կատարելու իր ցանկությունը հիմնավորելիս ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորը հիմք է ընդունում դրա սեփական ոչ մասնագիտական, սխալ մեկնաբանությունը և, ելնելով դրանից, անհիմն և անհարկի որակումներ տալիս կոնկրետ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկելու ընդհուպ իրավունքին:

Նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ խնդիրներ է տեսնում տիկին Թովմասյանը, ընդամենը մասնավորեցնում է գրավի անթույլատրելիության դեպքերը, թվարկում դրա հիմքերից մի քանիսը՝ ոչ սպառիչ: Ավելի պարզ՝ այդ նորմը չի սահմանում, որ եթե անձն ունի մշտական բնակության վայր, չի փորձել թաքնվել քննությունից և նրա ինքնությունը հայտնի է,  ուրեմն վերջինս պարտադիր պետք է գրավով ազատ արձակվի: Ազգային ժողովի պատգամավորը այդ դրույթի իմաստի մասին հրապարակային սխալ հայտարարություն չէր անի, եթե փոքր-ինչ ծանոթ լիներ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի իրավունքին(ԱՎԴ/0022/06/08): Հենց վերջինիս լույսի ներքո օրենսդրական այդ նորմը իրավակիրառ պրակտիկայում երբևէ այնպիսի խնդիրներ չի հարուցել, որոնց մասին խոսում է տիկին Թովմասյանը:

Հետևաբար, նախքան դատախազության կողմից այդ ակտի վիճարկումը ծիծաղելի համարելը, անձամբ ծիծաղելի վիճակում չհայտնվելու և քրեադատավարական ընթացակարգերից ոչ բավարար տեղեկացվածությունն ի ցույց չդնելու համար, անհրաժեշտ էր չսահմանափակվել իր կարծիքով փոփոխության ենթակա նորմին մակերեսային ծանոթությամբ, ավելի լավ հասկանալ դրա յուրաքանչյուր բառի և կետադրության իմաստը, ինչը նաև պարտադիր է իրավաստեղծ գործունեության մեջ:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատախազության դիրքորոշումը հիմնավորված է նաև նրա կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործության կոնկրետ փաստով, որի մասին հանրությունը, հուսամ՝ նաև հարգելի պատգամավորը, բավարար չափով տեղեկացվել է դեռևս նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններն ՀՀ Ազգային ժողովում քննարկելու ընթացքում: Իսկ քրեադատավարական օրենքի նույն՝ 143-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը բացառում է վերը նշված հիմքի պայմաններում գրավը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը:

  Այնպես որ այդ իմաստով ևս շահարկումների որևէ տեղ բացարձակապես չկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել