ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել նաև մահակներ, կտրող-ծակող գործիք։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:
Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունն առաջացել է ավտոմեքենան արագ վարելու պատճառով. համագյուղացին վարորդին նախ դիտողություն է արել արագ վարելու համար, ապա՝ շշով հարվածել նրա ավտոմեքենային։ Առաջացած վիճաբանությանը միջամտել են կողմերի ընկերները, որը վերածվել է ծեծկռտուքի, դանակահարության, ակոսափող ինքնաձիգից արձակվել կրակոցներ։ Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 6 անձ, որոնցից 2-ը՝ ծանր, 2-ը՝ միջին ծանրության, 2-ը՝ թեթև։
Քննությամբ պարզվել է մասնակիցները շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, հայտնաբերվել և առգրավվել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից 5-ը Կարբիի բնակիչ են, 1-ը՝ Երեւանի։
44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծանր մարմնական վնաս պատճառելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, Երեւանի 33-ամյա բնակչին՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության եւ մեկ անձի դանակահարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության, եւս 3 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: