Օպերայի տարածքի սրճարանների մի մասը կապամոնտաժվի. տարածքը կկանաչապատվի

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր այսօրվա հասցեում գործում է արդեն 80 տարի: Թամանյանական նախագծով կառուցված շենքն ուներ հարակից այգի, որտեղ հանդիսատեսը ներկայացման ընդմիջումներին պետք է դուրս կգար, զբոսներ ճեմուղիներում: Մայրաքաղաքի այցեքարտերից համարվող Օպերայի շենքը տարիներ անց շրջափակվեց սրճարաններով: Երևույթ, որ չկա աշխարհի ամենահայտնի մշակութային կենտրոնների շրջակայքում:

«Եթե նայենք, թե ինչ է կատարվում այլ երկրների մշակութային կենտրոնների շրջակայքում, դա այնքան էլ այն չէ, ինչ կարելի է մեզ մոտ տեսնել: Հիմա փոքր-ինչ այլ տրամադրություն է շրջակայքում՝ աշխույժ աղմուկ… Գուցե այդ ամենը կարող է տեղ ունենալ մի քիչ հեռու՝ ոչ թե անմիջապես երկրի գլխավոր թատրոնի մուտքի առաջ: Հասկանում եմ, որ սա բարդ, դժվար գործ է, շատ մարդիկ այդ ամենի մեջ բավական մեծ փողեր են ներդրել: Մենք գիտեք, որ թատրոնի ներքևում զվարճանքի ակումբ էլ ունենք, այնպես որ, տարածքները մաս առ մաս են վերցրել: Այնպես որ, լավ կլինի այդ ամենը նոր դիտանկյունից քննարկել. ոչ թե աղքատ, հետսովետական հանրապետության դիտանկյունից, այլ արդեն նոր Հայաստանի դիրքերից, որը զբաղվելու է մեծ մշակույթով, մեծ գործերով՝ ձգտելով մնալ միջազգային մակարդակի»,- նշում է թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Տարվա սկզբից քաղաքապետարանը ձեռնարկել է Երևանի կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Առաջինն Օպերայի հարևանությամբ՝ Ազատության հրապարակին անմիջապես հարող հատվածն է: Քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերը տարիներ շարունակ վարձակալած տնտեսվարողները ծանուցվել են՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Պայմանագրերի համաձայն՝ քաղաքապետարանն իրավունք ունի ցանկացած պահի վարձակալությամբ տրամադրված տարածքն ազատելու պահանջ ներկայացնել՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով:
Ի դեպ, կանաչապատման ենթակա տարածքում գործող սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն նաև հարակից հատվածներում: Ստացվում է, որ կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը:

Փոխահատուցում տնտեսվարողներին, ըստ պայմանագրի, նախատեսված չէ, սակայն քաղաքային իշխանությունը, կարևորելով ձեռնարկատիրությունը խթանելու քաղաքականությունը, առաջարկում է շարունակել գործունեությունը քաղաքի այլ՝ ավելի պատշաճ հատվածներում:

Արդեն գարնանը, նախագծի համաձայն, տարածքները կբարեկարգվեն և կկանաչապատվեն, կվերականգնվի դրանց երբեմնի նշանակությունն ու տեսքը:
Օպերայի տարածքից բացի Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ազատել նաև հանգստի համար նախատեսված քաղաքի կանաչապատ մյուս գոտիները:

Տեսանյութը՝ քաղաքապետարանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել