Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր` հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակը:
Նշեց, որ մահացության 1 դեպք է գրանցվել, և մահացած կինը նաև այլ հիվանդություններ է ունեցել։ Վանյանը զգուշացրեց նաև, որ գրիպով հիվանդանալը չի նշանակում, որ անձը պետք է մահանա, պետք է ուղղակի դիմել բժշկի:
«H1N1 A տիպի գրիպն է գերակշռում: 90 տոկոսով Հայաստանում այս հիվանդությունն է տարածված։ Սեզոնային գրիպն է, նույնը շրջանառվում է և´ հարեւան, և´ եվրոպական երկրներում: Սահմանների վերահսկման կարիք չկա, քանի որ Վրաստանում գրիպի շրջանառության ժամանակ Հայաստանում ևս հիվանդությունը տարածված է եղել։ Ռիսկային խմբերում մոնիտորինգ անցկացնելու արդյունքում պարզվել է, որ այս տարի պոլիկլինիկա է դիմել 1250 անձ, իսկ ստացիոնար հիվանդանոց՝ 693 հիվանդ, 103 կանչ գրանցվել է շտապօգնությունում»,-ասաց Արտավազդ Վանյանը և հավելեց, որ որոշակի ակտիվացում նկատվում է, և աճման միտում կա։
Խոսելով դպրոցները, մանկապարտեզները փակելու մասին, Ա. Վանյանը հայտնեց, որ նոր տարվա արձակուրդային օրերի ընթացքում ևս վարակը տարածվել է, պատճառը շփումն է. «Ջերմաստիճանը եւս խնդրահարույց էր, առաջին օրը մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում մենք սահմանված ջերմաստիճանից ցածր ջերմաստիճան ենք նկատել։ Թիրախային մարզերն են Գեղարքունիքը և Արագածոտնը։ Հանրապետությունում 432 երեխայի թույլ չի տրվել հաճախել դպրոց»։
ԱՆ-ն ռիսկային խմբերին՝ մեծահասակներին (65-ից բարձր), երեխաներին (0-5 տարեկան), խրոնիկ հիվանդերին, բուժաշխատողներին հորդորում է պատվաստվել։