ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի 21-ամյա բնակչին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն:
Նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ համայնքի թիվ 12 փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1997 թվականին ծնված բնակիչը խոհանոցային դանակը մոտեցրել էր հոր՝ Սյունիքի մարզի 1967 թվականին ծնված բնակչի պարանոցին և վնասել:
Այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել էր 51-ամյա տղամարդուն, որից հետո մեկ այլ խոհանոցային դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածել էր հոր կրծքավանդակի շրջանին՝ նրան զրկելով կյանքից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում 2019թ. հունվարի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը՝ ժամը 23.20-ին, 21-ամյա երիտասարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր:
2019 թվականի հունվարի 9-ին Սյունիքի մարզի՝ 1997 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալը, ինչը բավարարվել է:
Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ: Դեպքի վայրից վերցվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակները: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: