Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտնել. Քոչարյանի գործով մեղադրող կողմը նույնպես բացարկի միջնորդություն է ներկայացրել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին բացարկի միջնորդություն է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտնել, պատճառաբանելով, որ նրանք ընտանիքներով բավականին երկար ժամանակ մոտ են եղել և որպեսզի կասկածներ չառաջանա իր անաչառության վերաբերյալ, նա ինքնաբացարկ էր հայտնել:

Խոսքը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է, որի մեղադրանքը վերջերս լրացվել էր: Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Վ. Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը սակայն կարծում է, որ Վահագն Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված լինելը մեկ գործի շրջանակում դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմնավոր պատճառ չէ:

Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 10֊ին՝ ժամը 14:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել