Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել մոտ 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանում է ներկայացրել մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ.

«Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի կողմից վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տարածած անհիմն հայտարարություններն իբր Հատուկ քննչական ծառայության կողմից կատարած «ապօրինությունների» վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական իրազեկում ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամանակով: Նույն դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը:

Ըստ Սամվել Մայրապետյանի պաշտպանական խմբի տարածած լուրերի՝ Սամվել Մայրապետյանի` գրավի դիմաց ազատ արձակելվուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անտեսել է պաշտպանի միջնորդությունը՝ նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև բուժման նպատակով Գերմանիայի Դաշնություն մեկնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ: Ըստ պաշտպանների՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձվել է միայն իրենց կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց և վերջինիս կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն անձնագիրը պահելու հիմքերի, Հայաստանում նրա բուժումը կազմակերպելու հնարավորության մասին հարցում ուղարկելուց հետո։

Անձագիրը վերցնելու հիմքերի վերաբերյալ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: (…): Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես»:

ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետով սահմանված է. «Կասկածյալներիմեղադրյալներիորոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, (…) անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը (…):

Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում (…)»:

Հիմք ընդունելով հիշյալ իրավադրույթները՝ մեղադրյալ Սամվել Մայրապետյանից ժամանակավորապես վերցվել է նրա ՀՀ քաղաքացու անձնագիրը:

 

Պաշտպանի ներկայացրած միջնորդությունները

քննության առնելու վերաբերյալ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ»:

Նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում»:

Նույն օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանված է ժամկետների հաշվման կարգը: Մասնավորապես, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…) Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը»:

Մեղադրյալ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ աշխատանքային օրվա վերջին և ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ոչ աշխատանքային օրը:

Նշված միջնորդությունները քննության են առնվել օրենքով սահմանված կարգով՝ դրանք ներկայացվելուց հետո, հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2019 թվականի հունվարի 8-ին, և կայացվել է համապատասխան որոշում. միջնորդությունը՝ անձնագիրը Սամվել Մայրապետյանին վերադարձնելու մասով, բավարարվել է, իսկ արտերկիր մեկնելու մասով մերժվել՝ նկատի ունենալով այն մեծ հավանականությունը, որ վերջինս կթաքնվի քննությունից:

Ընդ որում, պետք է նշել, որ իրականությանը չի համապատասխանում Սամվել Մայրապետյանի պաշտպանական խմբի այն հայտարարությունը, թե պաշտպանի՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը քննիչը բանավոր մերժել է: Ինչպես վերը նշվեց, գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում, միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին պետք է կայացվի պատճառաբանված որոշում, որը կայացվել է 2019 թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին:

Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ

Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին է տրամադրել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթեր: Վերջինիս առողջության հետ կապված մի շարք հարցերի պարզաբանման նպատակով դեռևս 2018 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովին:

Փորձաքննության կատարման համար անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել են, սակայն փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Պաշտպանների խմբի այն պնդումը, որ Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված՝ լեղածորանից քարի հեռացման վիրահատությունը հնարավոր է արտերկրում, միանշանակ չէ, քանի որ ստացված տեղեկությունների համաձայն՝ նման վիրահատություն իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Նշված հանգամանքը հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն ենթադրում է, որ Սամվել Մայրապետյանը, մեկնելով արտերկիր, կարող է թաքնվել քննությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սամվել Մայրապետյանի պաշտպանական  կողմին հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությունը ստվերելու նպատակ հետապնդող և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել