ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանը այլ գործով արտահերթ կալանքի միջնորդության հարց պետք է քննարկեր: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Գործի քննությանը չէր ներկայացել նաև դատախազը: Այս դեպքում այլ տարբերակ չկար»,-նշեց Փոստանջյանը:
Հարցին ի պատասխան, թե դատական նիստերի հետաձգման մեջ միտում տեսնում է, թե՝ ոչ, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրավապահ մարմինները անգործության են մատնված և հենց այդ պատճառով էլ դատական համակարգն է ծանրաբեռնված:
«Միտում գուցե և կա, բայց կարևորն այն է, որ իրավապահ մարմինները իրենց գործառույթները իրականացնեն, որպեսզի դատական համակարգը չծանրաբեռնվի, իսկ մենք տեսնում ենք, որ իրավապահ մարմինները այսօր գործում են նույն կերպ, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում էին գործում»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ քրեական գործ հարուցելու առիթը և հիմքերը հետևյալն են.
- 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
- 2008 թվականի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում:
- 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
- 2013 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում:
- 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական հանրաքվեի կեղծում:
- 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
- 2018 թվականի մարտի 2-ին անօրինական մարմնի կողմից անօրինական կարգով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելը:
- 2018 թվականի ապրիլի 17-ին անօրինական մարմնի կողմից Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելը: