ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, պահելու և սպանություն կատարելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչը, գլխի ճակատային հատվածին ստանալով հրազենային վիրավորում, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ:
Նախնական քննությամբ ՝փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է նույն մարզի՝ 1979 թվականին ծնված բնակչի կողմից:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31.12.2018թ. 39-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի պարկուճ, պլաստմասե խծուծ և արնանման հետքեր:
Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստներն ու արնանման հետքերով բազկաթոռի ծածկոց:
Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: