Կառավարության կողմից հաստատված ազգային անվտանգության ծառայության կանոնադրության հավելված N1-ում նշվում է, թե որոնք են ԱԱԾ նպատակները և խնդիրները:
Ազգային անվտանգության ծառայության նպատակներն են`
1) հետախուզական գործունեությունը.
2) հակահետախուզական գործունեությունը.
3) ռազմական հակահետախուզական գործունեությունը.
4) պետական սահմանի պահպանությունը.
5) պայքարը հանցագործությունների դեմ:
Ազգային անվտանգության ծառայության խնդիրներն են`
1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.
2) Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը.
3) Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգության ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը.
5) իր քննչական ենթակայությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված իր լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած այլ հանցագործությունների բացահայտումը, կանխումը և խափանումը, այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման գործում կասկածվող անձանց հետախուզումը.
6) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ու հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում անվտանգության ապահովումը.
7) վարչապետին և նրա հանձնարարությամբ, պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին իրազեկումը.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովումը.
9) սեփական անվտանգության ապահովմանը (այդ թվում ազգային անվտանգության ծառայության համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելուն), ազգային անվտանգության մարմինների՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման միջոցառումների իրականացումը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով տեխնիկական միջոցների օգտագործումը.
10) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովումը և իր իրավասության սահմաններում պայքարը տնտեսական հանցագործությունների դեմ.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության իրականացումը.
12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն երևույթների, օտարերկրյա պետությունների հետ կապված՝ զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, դրանց մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց ու կազմակերպությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումների մշակումը և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացումը.
13) ահաբեկչական գործողությունների բացահայտումը, կանխումը և խափանումը.
14) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության միջոցառումների մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը, պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման վերահսկումը, քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվության հետ կապված միջոցառումների՝ սահմանված կարգով իրականացումը.
15) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումների անցկացումը.
16) հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների և ռադիոառաքումների՝ ռադիոհսկողության միջոցով գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ոադիոառաքումների և ռադիոալիքների բացահայտումը.
17) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը, տնօրինող կազմակերպություններից ռադիոհաճախականությունների տիրույթների ստացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերի ու կապուղիների վարձակալումը.
18) Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով ապահովելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում գաղտնագրային և ծածկագրային կապի կրիպտոգրաֆիկական ու տեխնիկական անվտանգության կազմակերպումը, այդ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
19) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզությունների հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը մասնակցությունը և դրա իրացումը.
20) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի, նախարարությունների, ինքնավար մարմինների, տարածքային կառավարման մարմինների, բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատախազության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, այլ պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապի (բացառությամբ դիվանագիտական փոստի) ապահովումը.
21) պետական և դիվանագիտական մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը, դրանց պահպանման ապահովումը: