Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք: Այս մասին սահմանում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:
Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:
Հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:
Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսպես.
Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հղիության վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով:
Կնոջ դիմումի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հակացուցումների բացակայության դեպքում հղիությանարհեստական ընդհատումը՝ մինչև 9 շաբաթական հղիությունը, կատարվում է վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ընդհատման միջոցով: