«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչո՞ւ չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։
Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։
Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի, որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,-գրել է Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, Արմենակ Մնջոյանը ձերբակալվել էր 1995 թվականին «Դրոյի» գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրան շնորհվել էր ներում և մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրանքով դիմել էր երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին, քանի դեռ ուշ չէ: