Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ տոները Երևանում անցկացնող զբոսաշրջիկներին ուղղորդելու նպատակով մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնները կգործեն հետևյալ ժամանակացույցով. Հանրապետության հրապարակին կից կենտրոն- դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-ին և 5-ին՝ ժամը 12:00-17:00, իսկ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնը՝ հունվարի 2-ին, 4-ին և 6-ին՝ ժամը 12:00-17:00: Հիշեցնենք, որ Երևանը ՀՀ զբոսաշրջության կենտրոն դիտարկելու աշխատանքների համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնություններից մեկը ընթացիկ տարվա հուլիսին Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնների գործարկումն էր:
Համաձայն վիճակագրության՝ զբոսաշրջային կենտրոնների գործունեության ընթացքում սպասարկվել է շուրջ 21000 այցելու՝ աշխարհի 73 երկրից: Զբոսաշրջիկներին տրամադրվել են բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի ուղեցույցներ, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների ուղեցույցներ:
Համեմատական վերլուծությամբ զբոսաշրջիկների հոսքը 2018թ. ավելի մեծ է եղել ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսպանիայից և Միացյալ Թագավորությունից: Ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են ժամանել Ֆիլիպիններից , Լիբանանից , Լեհաստանից և Ճապոնիայից:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1 275 209 զբոսաշրջիկ: Այդ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ 8,8%-ով, ինչը պայմանավորված է ՌԴ-ից ավելի քան 500 հազար այցելուների քանակի աճով, ինչը 17,3%-ով շատ է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: