Դեկտեմբերի 27-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերանորոգման ծառայության տրամադրման հետ կապված հարցերը:
«Վերին և ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների վերանորոգման ծառայությունների բացակայությունը դժվարություններ է առաջացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Բացի այդ, ժամանակից շուտ պրոթեզի վնասվելու կամ մաշվելու դեպքում պետական բյուջեի միջոցներով այն փոխարինվում էր նորով, ինչը մի քանի անգամ ավելի թանկ է և ավելի շատ ժամանակ է պահանջում։ 2019 թվականին այս խնդիրները լուծելու համար մենք ֆինանսավորելու ենք նաև վերանորոգման ծառայությունները»,- նշել է Զարուհի Բաթոյանը։
Զարուհի Բաթոյանը հույս է հայտնել, որ հավաստագրերի տրամադրման միջոցով վերանորոգման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների թիվը ևս կավելանա երկրում, ինչը կնպաստի նաև ընտրության մեծացմանը և որակի բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերին և ստորին վերջույթների պրոթեզների վերանորոգման տեսակների, դրանց գների և երաշխիքային սպասարկման ծառայությունների հետ կապված խնդիրները: Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկությունները վերանորոգման ծառայության տեսակների և դրանց տրամադրման ձևաչափերի վերաբերյալ:
Նախարարի տեղակալի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ նմանատիպ քննարկումները հաճախակի են կազմակերպվելու, աջակցող միջոցների տրամադրման խնդիրների վերհանման և լուծման համար, առաջնային նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը:
Հանդիպմանը մասնակցել են նախարարության համապատասխան վարչությունների աշխատակիցներ, պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք։