Աշխատանքային օրերն ինձ համար սկսվում են արդեն հունվարի 3-ից. փաստաբան

Փաստաբան Դավիթ Ասատրյանը Իրավաբան.netին պատմել է 2019 թվականից իր ակնկալիքների մասին:

-2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:

-Բնականաբար, Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների (նկատի ունի ապրիլյան հեղափոխությունը,-հեղ.) արդյունքում Հայաստանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ։ Հուսով եմ, մասնավորապես իրավական դաշտում 2019 թվականը կառանձնանա ավելի շատ դրական փոփոխություններով, քան այս տարի էր։ Տարին հաջող էր ձեռքբերումներով, հատկապես կարելի է հիշատակել այն փաստը, որ 2018 թվականին ունեցա 8 գործով վճռաբեկ դատարանի որոշումներ, և ընդհանրապես իրավական հետաքրքիր փոփոխություններ տեղի ունեցան այս տարի։

-Այդ տարվա հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:

-Դժվար է որևէ դատական ակտ առանձնացնելը, քանի որ դատական ակտերը կոնկրետ փաստերի վերաբերյալ որոշումներ են և շատ քչերը կարող են հավակնել դառնալու համակարգային խնդիրներ լուծող, որ դրա հիման վրա էլ առանձնացնենք դրանք։ Սակայն կարելի է հիշատակել ՀՀ Սահմանադրական դատարանի 27․11․2018թ․ ՍԴՈ-1436 որոշումը, որում հարկային իրավահարաբերությունների վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություններ է պարունակում։

-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:

-Կարծում եմ, նկատելի է կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն դրա արդյունավետությունը և պայքարի միջոցները, կարծում եմ, կարիք ունեն գնահատվելու։ Ընդհանուր առմամբ՝ իրավական համակարգում անելիքները շատ են, և պայքարը պետք է իրականացվի կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ, այլ ոչ թե կոնկրետ որևէ դրսևորման։ Պետք է արձանագրել, որ կոռուպցիա Հայաստանում կա և դրա կտրուկ նվազման միտումներ դեռևս չեն նկատվում, սակայն հավելեմ, որ դրական միտումներ առկա են։

-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին: 

-Վերջին ժամանակաշրջանում շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, խոսվում է տարբեր մեխանիզմների մասին և՛ դատական, և՛ արտադատական։ Սակայն ես ավելի շատ հակված եմ տեսնել անցումային արդարադատությունը դատական կարգով, իսկ արտադատականը կլինի ավելի շատ փոխլրացնող։ Կարծում եմ, չպետք է վախենալ նախկինում ուժի մեջ մտած դատական ակտերին կասկածի տակ դնելուց, այժմ ՄԻԵԴ-ի կողմից առկա են որոշումներ, որոնք հակասում են Հայաստանում ուժի մեջ մտած դատական ակտերին և Հայաստանը կատարում է այդ դատական ակտերը։ Անկախ ամեն ինչից՝ անցումային արդարադատությունը պետք է ուղղված լինի դրա հիմնական նպատակին՝ արդարադատությանը։

-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:

-Հայաստանում արդարադատության համար կխնդրեի արդարադատություն, ինձ համար դա բավարար է։

-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:

-Եթե ազնիվ լինեմ, աշխատանքային օրերն ինձ համար սկսվում են արդեն հունվարի 3-ից և մի փոքր անհարմար է, որ որոշ ժամանակաշրջան չեն աշխատում պետական մարմինները։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից: 

-Ակնկալում եմ խաղաղության և դրական փոփոխությունների տարի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել