Այսօր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին:
«Անի» ԲԲ ընկերության տնօրեն Գևորգ Մանուկյանը դեռևս հարցաքննվել է որպես վկա:
«Սա ակնհայտ խեղաթյուրված ինֆորմացիա է, քանի որ օտարումը տեղի է ունեցել սահմանափակումներով՝ առանց օտարման հնարավորության և 540 միլիոն դրամի աշխատանքներ իրականացնելու պարտականությամբ: Վերանորոգման աշխատանքները բխում էին հանրային շահերից, քանի որ «Անի» ԲԲԸ-ին վերանորոգման աշխատանքները պետք չէին: Միգուցե անվերապահ վաճառքի դեպքում գույքը արժենար 244 միլիոն դրամ, բայց ջրանցքը ընկերությանը վաճառվել է 540 միլիոն դրամ ներդրում կատարելու պարտականությամբ և ժամանակացույց է սահմանվել: Այդ ժամանակացույցը խախտելու դեպքում կառավարությունը հետ էր վերցնելու ջրանցքի այդ հատվածը»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Գևորգ Մանուկյանի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը:
Փաստաբանը նշում է նաև, որ օտարված ջրանցքը քայքայված վիճակում էր և իր պաշտպանյալները պնդում են՝ որևէ պաշտոնատար անձի չեն դիմել՝ իրենց ինչ-որ հարցում ընդառաջելու համար:
«Ի սկզբանե «Անի» ԲԲԸ-ի տնօրենը դիմել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին և ասել, որ նա ջէկ շահագործող է և ջրի կորուստները նրան վնաս են պատճառում: Պետությունը դոտացիաներ է հատկացրել, մոտ 7-8 միլիոնի չափով, որպեսզի այդ ջրանցքը չքայքայվի, սակայն այդ դոտացիաները նպատակին չեն ծառայել, քանի որ ջրանցքը շարունակաբար քայքայվել է: Պետությունը անհատույց կերպով ջրանցքը չի տվել «Անի» ԲԲԸ-ին: Պետությունը ջրանցքը ԲԲԸ-ին է տվել 30 միլիոն դրամի և 540 միլիոն ներդրումներ կատարելու պարտավորության դեպքում: Ապատեղեկատվություն է շրջանառվում ու այդ տեղեկատվությունը հենց դատախազությունն է տրամադրում»,- նշեց «Անի» ԲԲԸ-ի ներկայացուցիչը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: