Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, բայց մեր վեցամյսա աշխատանքի արդյունքներով կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջև դրված խնդիրները լուծել է բավականին լավ: Սա ամենևին չի նշանակում, թե թերություններ չկան: Կարևորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբ ից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, և ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ: Այս առումով, մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Իհարկե, կան նաև քննադատություններ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ կապված, բայց մեր վերլուծությունը կարծես ցույց է տալիս, որ այդ քննադատությունները, այդ թվում՝ տեղÕ �ն, կապված են այս անցումային շրջանի առանձնահատկությունների հետ: Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն-հանրություն, ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ: Սա շատ կարևոր խնդիր, նպատակ է, որին մենք պետք է հասնենք»:

Այնուհետև պատասխանատուները վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մշակվել է միջազգաին փորձի ուսումնասիրության արդյունքում: Փոփոխությունների նպատակն է երթևեկության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը, երթևեկության անվտանգության ոլորտում վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության համար նախատեսված տուգանքի չափերի վերանայումը, դրանց հանրային վնասակարության վերարժևորումը: Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի, 30 հազար դրամը գերազանցող տուգանքների չափերը խնդրահարույց են, որովհետև Քրեական օրենսգրքով հանցագործությունների համար նախատեսվող տուգանքների նվազագույն չափը սկսվում է 30 հազար դրամից: «Եթե մենք ելնում ենք այն կոնցեպտից, որ վարչական իրավախախտումներն ավելի նվազ վնասակար արարքներ են, քան հանցագործությունները, ապա մեր մոտեցման համաձայն՝ այդ տուգանքները պետք է համապատաս խան չափով նվազեցվեն: Օրինագծում տուգանքների նվազեցումը զգալի է, այն միայն սոցիալական բեռը թեթևացնելու նպատակ չունի, դա նրա երկրորդական արդյունքն է: Մեր խնդիրն անվտանգության մակարդակի բարձրացումն է, իսկ դա հաջողվում է, եթե տուգանքների իջեցումը զուգահեռում ենք բալերի կամ տուգանային միավորների: Այսինքն, մի կողմից հնարավորություն ենք ունենում որպես երկրորդական արդյունք թեթևացնել սոցիալական բեռը, մյուս կողմից՝ անվտանգությունը պահել պատշաճ մակարդակի վրա»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տուգանային միավորներ նախատեսված չեն անխտիր բոլոր խախտումների համար: Նա նշել է, որ երթևեկության ոլորտում վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող 100 խախտումներից ոստիկանությունը սկզբնական շրջանում բալավորել էր ընդամենը 16-ը, իսկ հանրային քննարկումների արդյունքում այդ թիվը հասել է 20-ի:

Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և այլ խախտումներ, որոնց տեսակարար կշիռն այս երեքի նկատմամբ փոքր է:

Զեկուցվել է, որ վարորդական իրավունք ունեցող յուրաքանաչյուր անձ տարեկան ունենալու է 9 բալ, խախտումները գնահատվելու են 0.5, 1, 2, 3, 4 բալերով: Բալերը զրոյացնելու դեպքում քաղաքացու վարորդական իրավունքը կասեցվելու է 6 ամիս ժամկետով, սակայն այդ ժամկետի կեսը լրանալուց հետո նա իրավունք է ունենալու հանձնել տեսական քննություններ և ավտոմատ վերականգնել վարորդական իրավունքը: Եթե երկրորդ տարում ևս վարորդը զրոյացնի 9 բալը, ապա ավտոմատ նա մեկ տարով զրկվելու է վարորդական իրավունքից, և այն վերականգնելու համար հանձնելու է ոչ միայն տեսակաÕ ¶, այլև գործնական քննություն:

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության, որը զբաղվելու է նաև պատահարների, հաղորդումների արագ արձագանքմամբ: Համակարգը գործելու է օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով, որը ստեղծվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարեկային ծառայության գործունեությունը՝ նշելով, որ վերջինիս խնդիրը դառնալու է անվտանգության ապահովումը գլոբալ առումով: «Իրոք, դա շատ գլոբալ ծառայություն է, և հանրային անվտանգության ապահովման տեսակետից այն դառնում է անկյունաքարային նշանակության կառույց: Ըստ էության, պարեկը ոստիկանության դեմքն է, պետության դեմքն է, հանրության դեմքն է: Կարևոր է, թե պարեկն ինչպես է իրեն պահում, ինչ մակարդակ ունի, ինչպես է շփվում մարդկանց հետ, դրանից կախված է քաղաքացու ընկալումը սեփական երկրի, պետության, կառավարության, ոստիկանության մասին: Այն առանցքային նշանակություն ունեցող ծառայություն է, առանց չափազանցության»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայողներն անցնելու են վերապատրաստման դասընթացներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված բարեփոխումների իրականացումը և հանձնարարել վերը նշված օրինագծի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել