Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում, որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:
Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 36.647.100 դրամ, որից վերականգնվել է 26.919.200 դրամը:
33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝ արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչ արդարացման՝ գործուն զղջալու հիմքով:
Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13.528.963 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկա դրությամբ առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:
Քննչական կոմիտեի վարույթում առկա քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: