Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Ողջունելով դեսպանին՝ տնօրենը նշեց, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է,  որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն:

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորեց Ա. Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ապա անդրադարձավ երկու երկրների միջև համագործակցությանը: Դեսպանը ևս հաստատեց, որ Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն հայտնեց, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի:  Ս. Սաջջադին նշեց, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով:

Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Ա.Վանեցյանը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան: Տնօրենը վստահեցրեց, որ արվում է ամեն հնարավոր բան զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:

Ամփոփելով այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել