Պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ․ Դավիթ Հարությունյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես՝ նշված է․

«Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ: Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները:

Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար:

Մինչդեռ թե՛ Սահմանադրության և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից:

Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։

Այդ արգելքի ակնհայտ, կոպիտ և նպատակային խախտումների պայմաններում հիմնական դերակատարը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը որպես անկախ պետական մարմին պետք է իրացնի իր սահմանադրական հիմնական գործառույթը՝ երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»:

Դավիթ Հարությունյան
ՀՀԿ ԳՄ անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել