Մեղադրյալին կալանք տակ պահելու ժամկետի երկարացումը

Կալանքը` որպես խափանման միջոց, մեր օրերում հաճախ է կիրառվում: Մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել երկու ամսից ավելի, իսկ այդ ժամկետն ավարտվելուց հետո, եթե անհրաժեշտություն կա երկարացնել կալանքի ժամկետը, քննիչը կամ դատախազը կարող են միջնորդություն ներկայացնել դատարան:

 

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը ոչ ուշ քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ պետք է դատարան ներկայացնի պատճառաբանված միջնորդություն:

 

«Դառարանը համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ քան դատարանի կալանքի տակ պահելու որոշված ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

 

Իրավաբանի փոխանցմամբ՝ այն դեպքերում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող է դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ: Կալանքի տակ գտնվող մեղադրյալին և նրա պաշտպանին քրեական գործի նյութերը ծանոթանալու համար ներկայացվում են կալանքի տակ պահելու ժամկետները լրանալուց ոչ ուշ, քան 30 օր առաջ, և եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում նշված ժամկետում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը և դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը։ Գործով մի քանի մեղադրյալի առկայության դեպքում կալանքի ժամկետը կարող է երկարացվել նաև մնացած մեղադրյալների մասով, եթե չեն վերացել նրանց կալանքի տակ պահելու հիմքերը:

 

Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը և նշանակել գրավի գումարը:Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել