Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում է սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները: Արդյունքում՝ կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի իրացման համար՝ ներառյալ արտահիվանդանոցային, հիվանդանոցային պայմաններում և քաղաքացիական բժշկական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման իրավունքի պատշաճ ապահովման: Որոշումը կնպաստի կալանավորված անձանց և դատապարտյալներին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը: Հիմնավորման համաձայն՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ կարող են տրամադրվել բացառապես քաղաքացիական բժշկական հաստատություններում, ուստի առաջարկվում է Երևան քաղաքի և մարզերի բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում (Երևանում 500 և ավելի, մարզերում՝ 110 և ավելի) ստեղծել առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկների միջոցով վերահսկվող և քրեակատարողական ծառայողների կողմից պահպանվող հատուկ բաժանմունք: