Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել Ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով:
«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ: