«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի երկու անչափահաս աշակերտների նկատմամբ անառակաբարո գործություններ կատարելու դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «ՍՕՍ մանկական գյուղ» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաև երեխաների դաստիարակությամբ՝ սովորեցնելով գործնական հմտություններ իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամ:
Գործը հարուցվել քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կասկածյալին դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Հոդված 142. |
Անառակաբարո գործողությունները |
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կամ տասնվեց տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնվեց տարին լրացած անձի կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ,
3) տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,
4) միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար,
5) մի խումբ անձանց կողմից,
6) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: