Այսօր` օգոստոսի 7-ին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպում է ունեցել։
Հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը հայտնել է, որ արտասահմանյան առաջատար համալսարաններ ընդունված այն ուսանողները, որոնք դիմել էին «Լույս» հիմնադրամին, 2018-2019 թթ. կրթաթոշակի ծրագրին վարձավճարի փոխհատուցում կստանան «Իմ քայլը» հիմնադրամի կողմից։
««Լույս» հիմնադրամի գործունեության դադերացման պատճառով տարբեր առաջատար համալսարաններ ընդունված դիմորդները, որոնց ուսման վարձավճարը մասնակի կամ ամբողջությամբ հոգում էր հիմանդրամը, մնացել էին օդից կախված և չգիտեին ինչպես վարվել։ Մենք մոտ երկու-երեք շաբաթ առաջ բաց նամակ ստացանք, որով դիմում էին «Իմ քայլը» հիմնադրամին, որ կարողանանք աջակցել ուսանողներին կրթաթոշակի հայթայթման հարցում։ «Իմ քայլը» հիմնադրամը փորձեց ամեն ինչ անել, որպեսզի լուծում տա այդ խնդրին։ Մենք կատարեցինք ուսումնասիրություններ, փորձեցինք կամուրջ դառնալ, և գտանք գործընկերներ, ովքեր սիրով համաձայնեցին համագործակցել մեզ հետ։ Արդյունքում, կարողացանք «Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու ապահովել պակասող կրթաթոշակով»,- ասաց Աննա Հակոբյանը։
Ընդհանուր առմամբ 517 000 դոլարի ներդրում է եղել, որի միջոցով հնարավոր է եղել կրթաթոշակ տրամադրել ևս 4 ուսանողի, ովքեր «Լույս» հիմնադրամի շահառուներ չեն եղել, բայց իմանալով գործընթացի մասին դիմել են: 5 ուսանողի հարց էլ այս պահին քննարկվում է։
Հանդիպման վերջում խորհրդանշական պայմանագիր կնքվեց կրթաթոշակ ստացած երկու ուսանողների հետ։ Մյուսների հետ նույնպես պետք է պայմանագրեր կնքվեն։ Աննա Հակոբյանը հույս ունի, որ նույնիսկ պայմանագրի կարիք չի լինի և արտասահմանյան բուհերում ուսանած ուսանողները իրենց ուսումը ստանալուց հետո կվերադառնան, և ստացած գիտելիքները կկծառայեցնեն իրենց երկրին և ժողովրդին։
Շուշան Ստեփանյան