Շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարները կնվազեցվեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է կառավարության որոշման նախագիծ, որով  սահմանվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կիրառման ժամանակացույցը:

Նախագծով նախատեսվում է 1-ական դրամով աստիճանական նվազեցնել շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարները՝ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանելով 6,4 դրամ (առանց ԱԱՀ), իսկ 2020 թվականից հետո՝ 5,4 դրամ (առանց ԱԱՀ):

Նախագծի «Հիմնավորում» բաժնում նշված է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր դիմել «Յուքոմ» ՍՊԸ-ն՝ հանրային շարժական կապի վերջնավորման վճարի վերանայման վերաբերյալ գրությամբ։

Հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ի N492Ն որոշման համաձայն՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական և ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվող փոխկապակցման ծառայությունների վճարները սահմանված են՝ ըստ ժամանակացույցի 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար 8,4 դրամ (առանց ԱԱՀ), իսկ 2019 թվականից հետո՝ 7,4 դրամ (առանց ԱԱՀ):

Բարձրացված հարցի վերաբերյալ հանձնաժողովն իրականացրել է շարժական կապի տեղական և միջազգային շուկաների ուսումնասիրություններ, կազմակերպվել են քննարկումներ հանրային շարժական բջջային կապի օպերատորների հետ, որոնց արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաև օպերատորների ֆինանսական կայունության ապահովման և հնարավոր ցնցումներից խուսափելու, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կարգավորման նկատմամբ միասնական մոտեցում կիրառելու նկատառումից ելնելով՝ հանձնաժողովը նախատեսում է աստիճանական նվազեցման սկզբունքով նշված վերջնավորման վճարները 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նվազեցնել 1 դրամով՝ սահմանելով 6,4 դրամ (առանց ԱԱՀ), իսկ 2020 թվականից հետո ևս 1 դրամով՝ սահմանելով 5,4 դրամ (առանց ԱԱՀ):

Փոխկապակցման ծառայությունների վճարների աստիճանական նվազեցման նշված սկզբունքի կիրառումը հիմնավորվում է հետևյալով.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ եթե կարգավորողն անկարող է ստանալ ծախսերի մասին տեղեկություններ, որոնք ողջամտորեն բավարար են, վերաբերելի և արժանահավատ, ապա նա կարող է հաշվի առնել համեմատելի միջազգային ցուցանիշները (benchmarking):

Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում վերջնավորման վճարների արդարացի գների հաշվարկման համար կիրառվում են երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման (LRIC) կամ համեմատելի միջազգային ցուցանիշների կիրառման (benchmarking) մեթոդները։

Հաշվի առնելով, որ երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման (LRIC) մեթոդի կիրառումը պահանջում է զգալի ֆինանսական և լրացուցիչ այլ ռեսուրսներ՝ հանձնաժողովի կողմից ընտրվել է համեմատելի միջազգային ցուցանիշների կիրառման (benchmarking) մեթոդը։ Ընդ որում, համեմատելի միջազգային ցուցանիշների կիրառման մեթոդն առանձին կամ այլ ծախսային մեթոդների համադրմամբ կիրառվում է նաև մի շարք եվրոպական երկրներում։

Հանձնաժողովի աշխատակազմի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային պրակտիկայում, մասնավորապես` եվրոպական երկրներում, շարժական կապի վերջնավորման վճարները նվազել են: Մասնավորապես, էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) հրապարակած վիճակագրական զեկույցի համաձայն` նշված վճարները եվրոպական երկրներում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են միջինը 0.97 եվրոցենտ/րոպե (5.6 դրամ/րոպե)։

Ուստի, վերջնավորման վճարների աստիճանական նվազեցման արդյունքում ՀՀ-ում կիրառվող փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարները համադրելի կլինեն եվրոպական երկրներում կիրառվող վճարների չափերին։

Փոխկապակցման ծառայության տեսակը Փոխկապակցման ծառայության վճարների չափը (առանց ավելացված արժեքի հարկի)
01.01.2018 թվականից մինչև 01.01.2019 թվականը 01.01.2019 թվականից մինչև 01.07.2019 թվականը 01.07.2019 թվականից մինչև 01.01.2020 թվականը 01.01.2020 թվականից հետո
Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում (դրամ/րոպե) 8,4 7,4 6,4 5,4
Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե)

8,4

 

7,4 6,4 5,4
Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)

8,4

 

7,4 6,4 5,4

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել