Ալկոհոլի ազդեցության տակ շշով հարվածել է ընկերոջը և սպանել. դատավճիռ

Հակոբը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ  Սուրենին կյանքից զրկելու համար և դատապարտվել ազատազրկման 11 տարի ժամկետով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Գործը քննել է Լոռու մարզի ընդհանուր իրավասությանդատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ

Քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 2017 թվականի հունիսի 6-ին։ Մեղադրանքի համաձայն՝ Հակոբը և Սուրենը հերթական անգամ օգտագործել են ալկոհոլ, որի ընթացքում Սուրենը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ցանկություն է հայտնել Նարեկի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Մարիամի հետ սեռական հարաբերություն ունենալ, որից հետո Սուրենը և Հակոբը վիճել են։ Վիճաբանության ընթացքում Հակոբը Սուրենին կյանքից զրկելու դիտավորությամբ, օղու շշով մեկ անգամ ուժեղ հարվածել է Սուրենի դեմքին՝ պատճառելով վերջինիս ծանր  առողջական վնասվածքներ , որի արդյունքում Սուրենը վայր է ընկել գետնին, իսկ Հակոբը մոտենալով գետնին վայր ընկած Սուրենին, շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառել առողջական թեթև  վնասվածքներ, ինչի հետևանքով և Սուրենը մահացել է։

Ամբաստանյալ Հակոբը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և ասել է որ Սուրենին շշով չի հարվածել և չի սպանել: Հակոբը նշել է նաև, որ այդ օրը իրենք նույն խմբով՝ Նարեկի և Սուրենի հետ օղի են խմել, որի ժամանակ  Հակոբը ամոթանք է տվել Սուրենին ասելով, որ մարդու հետ հաց ես ուտում ու նրա կնոջը առաջարկություն անում: Որից հետո վիճաբանել են և Հակոբը մի քանի անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել Սուրենի դեմքին, որի հետևանքով նրա քթից արյուն է հոսել: Սուրենին բռունցքներով հարվածելուց հետո նրան ասել է, որ գնա լվացվի, իսկ ինքը դուրս է եկել պատշգամբ ծխելու: Ծխելուց հետո երբ վերադարձել է  տեսել է, որ Սուրենը հատակին ընկած է: Նրան ձեռք է տվել և սառնությունից  հասկացել, որ նա մահացել է: Նստել մի բաժակ օղի է խմել, որից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները։ Հակոբըը նշել է նաև, որ տանը այդ ժամանակահատվածում եղել են իրենք երեքով, իսկ թե Սուրենին ով է սպանել, ինքը չգիտի:

 Քրեական գործի նախաքննության ընթացքում,  Հակոբը ընդունել է, որ ինքն է շշով և բռունցքներով հարվածել ու սպանել Սուրենին: Հակոբը նշել է նաև , որ ինքը  ալկոհոլի հետ սեր ունի և հիմնականում խմում է Նարեկի և Սուրենի հետ: Այդ օրը իրենց է միացել Սուրենը և Նարեկի տանը  շարունակել են խմել, որի ժամանակ Հակոբը վիճել է Սուրենի հետ։ Վեճի ժամանակ ինքը  շշով հարվածել է Սուրենի գլխին, իսկ երբ նա ընկել է հատակին երկու բռունցքներով շարունակել է շուրջ 5 -10 անգամ հարվածել նրա դեմքին, մինչև հասկացել է, որ նա էլ չի շարժվում:Հակոբը նշել է նաև, որ ինքը  շշով ու բռունցքներով հարվածել ու սպանել Սուրենին, քանի որ նա արժանի էր իր կողմից նման վերաբերմունքի:

Ըստ Նարեկի` դատարանում տված ցուցմունքի  մի քանի անգամ խմած ժամանակ Սուրենը իր և Հակոբի ներկայությամբ հայտարարել է, որ ցանկանում է սեռական կապի մեջ մտնել Մարիամի հետ, ում հետ ինքը գտնվում է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ։ Ամեն անգամ այդ խոսակցությունների ժամանակ Հակոբը վիճաբանել է Սուրենի հետ և նրան խնդրել  հեռու մնալ ընկերոջ կնոջից։

Ըստ Մարիամի՝ դատարանում տված ցուցմունքի 2016 թվականի հոկտեմբեր ամիսը փաստական ամուսնության մեջ է գտնվել Նարեկի հետ և բնակվել է նրա բնակարանում։Ամուսնու կողմից մշտապես ալկոհոլ օգտագործելու պատճառով նրանից բաժանվել է։ Ամուսնու բնակարանում բնակելու ընթացքում, Սուրենը և Հակոբը հաճախ են իրենց այցելել։ Սուրենը մի քանի անգամ Հակոբի և իր ամուսնու ներկայությամբ իրեն ասել է, որ կցանկանար տարիքով փոքր լինել և ամուսնանալ իր հետ, սակայն Մարիամը դրան լուրջ չի վերաբերվել։

Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալ Հակոբի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար դրա վտանգավորությունը, գործի հանգամանքները և պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը գտնում է, որ Հակոբի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով։

Դատավճիռը կայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին։

 Հ.Գ. Գործով անցնող անձանց անունները փոխված են։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել