ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել զինվորական ծառայությունից ազատելու կամ ծառայությունը նախընտրելի վայրում կազմակերպելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Արդյունքում՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018 թվականների ընթացքում 52-ամյա կինը, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից, չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը, նրանց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ծառայությունից վաղաժամկետ ազատ արձակելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով, պահանջել և խարդախությամբ հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Քննությամբ բացահայտվել է 5 դրվագ, նշված բոլոր դեպքերում էլ 52-ամյա կինը որպես կաշառք պահանջված գումարն ստացել է, սակայն այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել՝ խարդախությամբ հափշտակելով այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 3 անձի մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 52-ամյա կնոջ կողմից առերևույթ խարդախությամբ գումար հափշտակելու հնարավոր այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: