Դանակահարություն և խուլիգանություն Էրեբունիում. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր որովայնի աջ պատի կտրած-ծակած վերք։

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նույն օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Ախտորոշվել էր աջ գոտկատեղի և աջ ազդրի կտրած վերք։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտայի 29/10 հասցեում գործող գրավատան դիմաց տեղի ունեցած վեճի ժամանակ։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Հետագա միջոցառումներով Էրեբունու քրեական հետախույզները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձանց դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ գրավատան տնօրեն Բաբկեն Մելքոնյանը։

Բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի բնակիչ 37-ամյա Մելքոնյանը հուլիսի 26-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել