Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2018 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:
Փոփոխությունը պայմանավորաված է քաղաքացիների բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականաացնելու հետ:
«Զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդի զորացրումների վրա»,-նշեց Տոնոյանը:
Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև պաշտոնյաների երեխաների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին:
Նա նշեց, որ հարցը ուսումնասիրվում է և՛ ոստիկանության, և՛ դատախազության, և՛ ազգային անվտանգության ծառայության կողմից:
«Ցավոք սրտի, նախնական տվյալներով, զորակոչի ոլորտում մենք շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Զարմանալին այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, ինչ-որ մեկի թվում է, որ մենք կատա՞կ ենք անում: Այդքանից հետո գնում են, պայմանավորվում են, կաշառք են վեցնում, կաշառք են տալիս, վերջում ձերբակալում են, ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ էն, ինչ պետք է լիներ»,-նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նորից նշեց, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: