Տարբեր երկրներից և տարբեր պատճառներով վերադարձողների վերաինտեգրումն առավելագույնս արդյունավետ կարելի է կազմակերպել մեկ ընդհանուր հայեցակարգի և դրա շրջանակում մշակվող տարբեր գործողությունների ծրագրերի ձևաչափով։ Սա ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի տեսակետն է՝ արտահայտված «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» շրջանակում այսօր տեղի ունեցած վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի ընթացքում։ «Կարող ենք ունենալ նոր ճանաչված փախստականների, սիրիահայերի, վերադարձողների համար առանձին մշակված գործողությունների ծրագրեր. դա գործընթացն արդյունավետ կազմակերպելու լավ լուծում է»,-նշեց նա։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունից։
Եռամսյակային ֆորումը, որը վերադարձողների վերաինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպությունների համագործակցության հարթակ է, բաց է անդամակցության համար։ Հանդիպման օրակարգի համաձայն մասնակից կազմակերպությունները ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները։
«Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ»-ն (ՖՀԶՀ) իր գործունեության ընթացքում ավելի քան 1800 կամավոր վերադարձողի է աջակցել՝ սոցիալական օգնության, վերապատրաստման դասընթացների և ձեռնարկությունների ստեղծման միջոցով։ «123 վերդարձող ունենք ընթացիկ տարվա առաջին եռամսակում, 12 ձեռնարկություն ենք ստեղծել այս ընթացքում»,-նշեց ՖՀԶՀ ծրագրերի համակարգող Արփինե Ստեփանյան։
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանյան առաքելությունը միակն է, որն ուղղորդված վերադարձ է կազմակերպում և հոգում է միգրանտի մասին մինչև մեկնելը, մեկնելու ընթացքում ու ինտեգրման փուլում։ «780 վերադարձող ենք ունեցել 2017 թ-ի ընթացքում»,-նշեց Կարինե Խոջայանը մատնանշելով զբաղվածության ոլորտները, որոնք առավել հետաքրքրում են միգրանտներին։ «Ջերմոցային տնտեսություններ, անասնապահություն, իսկ առավել հաճախ տաքսի ու վարսահարդարում, որոնց դեպքում օրական եկամուտը շոշափելի է»,-նկատեց նա։
Երկու տարում մոտ 400 կամավոր և հարկադիր միգրանտի ինտեգրմանը կաջակցի Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD) սեպտեմբեր-հոկտեմբերին մեկնարկելիք նոր ծրագրի շրջանակում։ «Մինչ մեկնարկը այցելելու ենք ԵՄ երկրներ՝ համապատասխան միգրացիոն կառույցների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և աշխատելու այն հատվածի հետ, որում պոտենցյալ վերադարձողներ են նկատելի»,-ներկայացրեց Անդրեյ Ափոյանը՝ մասնավորեցնելով նաև իրենց սահմանած առաջնահերթությունները՝ սկսնակ բիզնեսներ, բժշկական օգնություն, կացարանի խնդիր։
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանը ներկայացրեց Շվեդական զբաղվածության գործակալության հետ համատեղ պատրաստված https://www.imigrantarmenia.eu/ կայքը, որ կոչված է աշխատանքային միգրանտների հաջողված գործունեություն ծավալած պոտենցյալ ներդրումների համար լինելու հարթակ` իրենց համայնքների զարգացման, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծելու և համայնքում զբաղվածություն ապահովելու նպատակով։ «Հավաքելու ենք սկսնակ բիզնեսների գաղափարները, և ավտոմատ հաշվիչը՝ IQ score-ը, սահմաված չափորոշիչներով ընտրելու է դրամահավաքի ենթակա ծրագրեր»,-բացատրեց Գ. Թորոսյանը։
Ներկաների միջև, որոնց թվում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչը, անհատ հետազոտողներ, ծավալվեցին ոլորտում առկա խնդիրների և ծրագրերի քննարկումներ, տեղի ունեցավ փորձի փոխանակում, սահմանվեցին հաջորդ խորհրդակցության առաջնահերթություններն ու անելիքները։