Առողջապահության նախարարությունը Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ հայտարարում է ԵՊԲՀ-ի շրջանավարտներին ընձեռվող հնարավորության ընդլայնման մասին: Այս տարի առաջին անգամ նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվել է 50 անվճար տեղ` նախկին 35-ի փոխարեն (ընդունելությունը պետական ավարտական քննություններից անմիջապես հետո է), հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ուսանողներին ընձեռված անվճար կրթության հնարավորության ընդլայնմամբ նպատակ է դրված լուծել նաեւ մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ մարզերում լրացնել բժիշկների թափուր հաստիքները՝ ԵՊԲՀ-ում ուսանողների ու շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Այս ծրագրի շրջանակներում ԱՆ հաստատած մասնագիտություններով ամեն տարի մրցութային կարգով ԵՊԲՀ են ընդունվում կլինիկական օրդինատորներ, որոնց ուսման վարձը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից: Բացի այդ` ուսումնառության ողջ ընթացքում նրանց վճարվում է կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով: Մարզային իշխանությունների հետ համատեղ փորձ է արվում նաև լուծել մարզերում աշխատանքի անցած բժիշկների կոմունալ-կենցաղային որոշ խնդիրներ` բնակարանի վարձը, որոշ մարզերում նաև` կոմունալ վճարները, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում աջակցում է այդ երիտասարդ բժիշկների մասնագիտական և կարիերայի աճին` հնարավորության դեպքում նույնիսկ ապահովելով վերապատրաստումներ արտերկրում:
Դրա դիմաց ապագա մասնագետները պարտավորվում են 5 տարի աշխատել մարզային այն առողջապահական կազմակերպությունում, որտեղ կնշանակվեն նախարարության կողմից:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ բժշկական աշխատուժը գերկենտրոնացված է մայրաքաղաքում, փոխարենը կադրերի զգալի պակաս կա մարզերում: Երևանում ամեն 10 հազար բնակչին բաժին է ընկնում 55 բժիշկ, իսկ մարզերում այս թիվը տատանվում է 13-18-ի միջև: ՀՀ առողջապահական մոդելին մոտ երկրներում այս ցուցանիշը պետք է լինի միջինում 35:
Ներկայումս մարզերում բժիշկների շուրջ 250 թափուր աշխատատեղ կա, ուստի նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով, մասնավորապես, նաեւ նպատակային կլինիկական օրդինատուրայի միջոցով լրացնել այդ բացը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր հերթին շեշտել է, որ այս քայլը ոչ միայն ուղղված է երիտասարդների համար նոր հեռանկարների ապահովմանը, այլեւ երկրի կոնկրետ կարիքների բավարարմանը: Սա գործիք է՝ գումարներ ուղղել այնտեղ, որտեղից հստակ սպասելիքներ կան, այն է՝ պատրաստել շուկային իրապես անհրաժեշտ կադրեր:
Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրացրել են նաեւ տարաբնույթ հարցեր, հետաքրքրվել զորակոչվելուց հետո նպատակային կլինիկական օրդինատուրայի միջոցով նեղ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններով: