Ֆուտբոլային ակումբները՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածության մասին

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիան» նույնպես պաշտոնական հաղորդագրություն է տարածել` ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների հետ կապված։

«Ստեղծման օրվանից «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հիմնական նպատակներից է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և առաջխաղացմանը: Վերջին ամիսներին «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ուշադրությամբ հետևում է հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, և, հուսով ենք, որ տվյալ գործընթացի արդյունքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չի տուժի, այլ կզարգանա նոր թափով:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրմանը կողմ ենք և կսատարենք նրան սեպտեմբերին կայանալիք ընտրություններում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել