ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը, հայտնում են քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկ ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Պետրոսյանը՝ ծնված 1989թ.:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2018 թվականի մայիսի 31-ին քննիչը որոշում էր կայացրել Ա.Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում և միջնորդություն ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Քրեական գործով հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։
2018թ. հուլիսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Ա.Պետրոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:
Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: