«Գուլիվեր» մանկապարտեզում աղիքային վարակների հետ կապված աշխատանքներն ավարտվել են, ամփոփվել են իրականացված հետազոտությունների արդյունքները:
Այս մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
Նշված մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա։ Անջատված հարուցիչը բնորոշ է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակի, որի առաջացման հավանական պատճառը կարող է դիտարկվել սննդամթերքի երկրորդային աղտոտվածությունը։ Դրա մասին են վկայում նաեւ խոհանոցում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքների շեղումները (խոհանոցի արտաքին մակերեսներից վերցված նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մանկապարտեզում իրականացված պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, սառնարանում առկա է եղել առանց պատշաճ մակնշման կաթնամթերք (մածուն), ինչպես նաև ժամկետանց մակարոնեղեն: Տրվել են անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարականներ, իսկ ժամկետանց և մակնշման թերություններով սննդամթերքը ոչնչացվել է:
Չնայած աղիքային վարակների սեզոնային ակտիվացմանը՝ «Գուլիվեր» մանկապարտեզում արձանագրված աղիքային վարակի դեպքը վկայում է տեղային բռնկման մասին: Այդ է փաստում կարճ ժամանակահատվածում համաճարակաբանորեն միմյանց հետ կապ ունեցող դեպքերի արձանագրումը, որը բնորոշ է աղիքային վարակների, տվյալ դեպքում՝ դիզենտերիայի, գաղտնի շրջանին:
Հիշեցնենք՝ «Գուլիվեր» մանկապարտեզում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակներով հիվանդացել է 33 երեխա, որոնցից 9-ը հոսպիտալացվել են, մյուսները ստացել են ամբուլատոր բուժում: Հիվանդների հետազոտությունների արդյունքում 22 հիվանդի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ-ի առկայությունը, իսկ 9-ի մոտ, մանրէաբանական հետազոտությունների արդյունքում, անջատվել է շիգելա զոնե: