ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ձերբակալված Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
Մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երևան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 ԱՄՆ դոլար:
2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 ԱՄՆ դոլար և 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են:
Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինս ապօրինի հարստացել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: