Արտաքին գործերի նախարար Զոհրաբ մնացականյանը կառավարության հավանությանն է նարկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատսվում է Ալբանիայի Հանրապետության, Թուրքմենստանի, Լիբանանի Հանրապետության, Կանադայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2018 թվականի հուլիսի 10-ից:
Հարցը կքննարկվի հունիսի 28-ի կառավարության նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին: Միաժամանակ հարկ է նշել, որ Ալբանիան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դեռևս 2013 թվականից ազատել է Ալբանիայի մուտքի արտոնագրի պահանջից:
Թուրքմենստանի Նախագահ Գ․Բերդիմուհամեդովի՝ 2017 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքմենստանի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի պահանջից ազատելու շուրջ: Նույն պայամանվորվածությունը ձեռք է բերվել նաև Տնտեսական համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ:
2018թ. մարտի 1-ի դրությամբ Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կողմից տրամադրված արտոնագրերի թվի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան կրկնապատկվել են Թուրքմենստանից Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքի կանոնավոր աճի տեմպերը, ինչին նպաստել է 2017թ. դեկտեմբերի 27-ից գործարկվող Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ (հետադարձով) կանոնավոր ավիաչվերթը:
Լիբանանը հանդիսանում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնք ունեցող երկիրը: Լիբանանի հետ Հայաստանն ունի ջերմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ հարթակներում: Առկա են բոլոր հնարավորությունները երկու երկրների միջև հարաբերությունները ավելի խորացնելու և ընդլայնելու տարբեր ոլորտներում:
2013 թվականից Հայաստանի և Լիբանանի դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրերով անձինք կարող են միմյանց պետությունների տարածք մուտք գործել առանց մուտքի արտոնագրի:
Լիբանանի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար:
Լիբանանի քաղաքացիները Վրաստան այցելելու դեպքում ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից:
Կանադայի և Հայաստանի միջև հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ, որևէ լուրջ խնդիրներ կամ տարաձայնություններ գոյություն չունեն: Համագործակցությունը միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ) կրում է մշտական և կառուցողական բնույթ:
Ղարաբաղյան հակամարտության հարցում Կանադան ավանդականորեն ընդօրինակում է ԱՄՆ դիրքորոշումը, ղեկավարվում G-8-ի շրջանականերում ընդունվող հայտարարություններով, պարբերաբար աջակցություն հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Ակներև է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռություն պահպանելու ձգտումը:
Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը դաշնային օրենսդիր (2004թ.) և գործադիր իշխանությունների մակարդակներով:
Չնայած անցած տարվա երկկողմ առևտրի ծավալների որոշակի նվազմանը, այնուհանդերձ Հայաստանը կանադական ընկերությունների համար զգալի հետաքրքրություն ներկայացնող շուկա է: Մասնավորապես, կանադական ընկերությունները շահագրգռված են համագործակցել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, թանկարժեք քարերի ու մետաղների մշակման ոլորտներում: Հայաստանում գործում են հայ-կանադական համատեղ կապիտալով շուրջ 8 տասնյակ ընկերություններ:
Հայ-կանադական բարեկամական կապերի ամրապնդման գործում իր զգալի ավանդն ունի նաև Կանադայի հայ համայնքը, որը երկրի հարգանք վայելող և ազդեցություն ունեցող ազգային փոքրամասնություններից է: Տարեկան զգալի թվով կանադացի գործարարներ, Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան:
Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար: