Գործատուին հնա­րավորություն կընձեռվի աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ նախ­քան դրա գործողության ժամկետի լրանալը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գործատուին հնա­րավորություն ընձեռել աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախ­քան դրա գործողության ժամկետի լրանալը` պայմանագրով սահմանված պարտա­կա­նու­թյուն­ներն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկա­տա­րե­լու դեպքում։

Հարցը կքննարկվի կառավարության հունիսի 28-ի նիստում:

Առաջար­կում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ նկատի ունենալով հետևյալ հանգամանքը.

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշ­խա­տանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերա­պահ­ված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը։ Այ­սինքն, օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առա­­ջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ըն­թաց­­քում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պար­տա­կա­նու­թյունները չկատարելու և համապատասխան կարգապահական տույժերի (գործատուի նա­խա­ձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ կարող է լուծվել Հա­յաս­տա­նի Հանրապետության աշխատանքային oրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կե­տով, եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ) առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում, ինչն առավել ընդունելի մո­տե­ցում է գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից։

Ելնելով շարադրվածից Հայաստանի Հանրապետության կառավարությունն աննպա­տա­կահարմար է համարում նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը:

Նախագծի համաձայն՝ վերը նշված նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկա­մուտների և ծախսերի փոփոխության:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վարչապետին է ուղարկել նաև այս գրությունը:

«Հարգելի պարոն վարչապետ,

 Ձեզ եմ ուղարկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Արգամ Աբրահամյանի, Իվետա Տոնոյանի և Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-322-30.05.2018-ԱՍ-011/0):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) սահմանված պարտականությունները ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներոդ օրվանից»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է.

«ՀՀ Աշխատանքային օրենսգըքի 113-րդ հոդվածը, սահմանելով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, ներառում է նաեւ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալը, այսինքն՝ եթե աշխատողն առանց հարգելի պատճառի փաստացի աշխատանքի վայր չի ներկայանում աշխատանքային օրվա (հերթափոխի) ամբողջ ընթացքում, ապա գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Լինում են դեպքեր, երբ աշխատողը, ներկայանալով աշխատանքի վայր (աշխատատեղ) եւ գտնվելով աշխատանքի վայրում, չի կատարում աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ որոշված պարտականությունները: Քանի որ Աշխատանքային օրենսգրքում նախատեսված չէ աշխատանքային պարտականությունների փաստացի կատարմանը չանցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, դրա հետեւանքով գործատուն ստիպված է լինում սպասել, որ այդ երեւույթը կրի պարբերական բնույթ, եւ մեկ տարվա ընթացքում աշխատանքային կարգապահության խախտման համար երկու կարգապահական տույժի առկայության դեպքում նոր միայն երրորդ խախտումը հիմք ընդունի աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:

Առաջարկվող նախագծի նպատակն է՝ ապահովել, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլեւ ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում: Ըստ էության, աշխատանքի վայր չներկայանալը եւ աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսեւորումներ են, եւ օրենքը պետք է նույնանման վերաբերմունք ունենա այդ դրսեւորումների նկատմամբ:

Քանի որ աշխատանքի ներկայանալու նպատակը գործատուի համար, նրա կողմից իրավաչափորեն ակնկալվող արդյունքի ստեղծումն է (աշխատանքի կատարումը, ծառայության մատուցումը), ապա ակնկալվող արդյունքը չստեղծվելու դեպքում ոչ մի նշանակություն չունի աշխատողը եկել էր աշխատանքի վայր եւ հրաժարվել էր այն կատարելուց, թե ընդհանրապես չէր ներկայացել աշխատանքի:

Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ

  1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված

աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`

1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.

2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ)

աշ­խատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրա­ժեշ­տու­թյամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.

5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.

6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.

7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժա­մա­նակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվան­դու­թյուն­ների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) սահմանված պարտականությունները ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում.

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.

11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրա­նա­լու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայ­մա­նա­գիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնա­րա­վո­րու­թյունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատ­րաստ­վա­ծությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել