Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին նոր որոշում է ընդունել ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Որոշման մեջ նշվում է.
«Ելնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին՝
1) մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը.
2) ապահովել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումը.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, ընտրական գործընթացները կարգավորող այլ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։
4. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և քարտուղար նշանակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին (համաձայնությամբ)։
5. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին լիազորել ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում։
Հավելված:»