Ցանկացած լումա, որը Ձեր կողմից ուղղվել է մեր զինվորների սոցիալական բարօրությանը, օգտագործվում է բացառապես այդ նպատակով. «1000 դրամների հիմնադրամ»

«1000 դրամների հիմնադրամ»-ը հայտրարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Վերջերս սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել Հիմնադրամի նպատակների, կոռուպցիոն մեխանիզմներից զերծ լինելու, հրապարակայնության և արդյունավետության վերաբերյալ կասկածներ: Հիմնադրամն ելնելով հրապարակային գործելու սկզբունքից կարևորում է հանրության առջև բաց լինելը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հիմնադրամի առաջնային արժեքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, հատուցումների միայն դրամական լինելը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավատարիմ է իր առջև դրված նպատակներին ու արժեքներին, և այսօր ևս բնականոն ճանապարհով շարունակում է իր աշխատանքը:

Ինչպես և նախկինում, Հիմնադրամը շարունակում է յուրաքանչյուր ամսի 5-ին և 20-ին ապահովագրական վճարներ փոխանցել մեր շահառու 13 հաշմանդամ զինծառայողների և 37 զոհված զինծառայողների ընտանիքների: Կից ներկայացվող ցուցակում կարող եք գտնել այդ 50 զինծառայողներին ՝ անուն առ անուն՝ Հիմնադրամի շահառու դառնալու ժամանակագրական հերթականությամբ:

Հիմնադրամը այս պահի դրությամբ արդեն իսկ կատարել է 523,050,000 ՀՀ դրամի հատուցում: Ընդ որում` այն պահից սկսած, երբ հաշմանդամ զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները դառնում են Հիմնադրամի շահառու, նրանցից յուրաքանչյուրի անունով մենք բացում ենք անհատական հաշիվ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Այդ հաշիվները պատկանում են բացառապես շահառուներին և լինելով հատուկ հաշիվներ՝ անձեռնամխելի են: Այսինքն, անգամ եթե շահառուները ունեն պարտքեր, վարկային պարտավորություններ, այդ հաշիվներին փոխանցված գումարի վրա չի կարող տարածվել բռնագանձում, այդ գումարները չեն կարող սառեցվել կամ այլ կերպ տնօրինվել:

Կարևորում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ հատուցման գործընթացն ամբողջությամբ և անմիջականորեն կազմակերպվում է Հիմնադրամի կողմից, ինչը բացառում է երրորդ կողմի ցանկացած միջամտություն:

Հիմնադրամի հրապարակայնությունը և հաշվետվողականությունն իր առաջնային արժեքներից է: Հիմնադրամի կայքի միջոցով կարող եք համոզվել, որ ցանկացած լումա, որը Ձեր կողմից ուղղվել է մեր զինվորների սոցիալական բարօրությանը, օգտագործվում է բացառապես այդ նպատակով:

Կոչ ենք անում ծանոթանալ կայքում տեղադրված հաշվետվություններին, խոսել մեր գործընկեր բանկերի, ինչպես նաև Հիմնադրամի շահառուների հետ: Թեև Հիմնադրամի կայքում առկա է ողջ տեղեկատվությունը Հիմնադրամի կատարած և կատարվելիք գործունեության մասին, ցանկանում ենք տեղեկացնել, որ Հիմնադրամը պատրաստ է պատասխանել ցանկացած մտահոգության, որ կարող է առաջանալ Ձեզ մոտ, տրամադրել պարզաբանումներ այն հարցերի շուրջ, որոնք ըստ Ձեզ ունեն հավելյալ պարզաբանման կարիք, կազմակերպել հանդիպումներ՝ առավել մոտիկից Հիմնադրամի գործունեությանը ծանոթացնելու համար:

Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ով բարեխղճորեն վճարում է ամսական 1000 դրամ, ինչպես նաև բոլոր նվիրաբերողներին, որոնք վստահում են Հիմնադրամին և նվիրաբերում՝ վստահ լինելով, որ իրենց նվիրաբերությունները կհասնեն իրենց հասցեատերերին: Մենք երախտապարտ ենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել