Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծը այսօր կքննարկվի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:
Պատգամավորն առաջարկում է վարորդին տուգանել 20 հազար դրամի չափով՝ զույգ համարանիշների դեպքում առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար, եթե դա պայմանավորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով:
Հայկ Բաբուխանյանը առաջարկում է նաև 10 հազար դրամ տուգանել բոլոր այն վարորդներին, ովքեր տրանսպորտային միջոցից իրեր, ծխախոտ և այլ առարկաներ կնետեն:
Նախագծի ընդունման դեպքում գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը, չեն պատժվի այլևս նախազգուշացումով: Կնշանակվի 10 հազար դրամի չափով տուգանք:
Եվգենյա Համբարձումյան