Ու՞մ կարող են տրամադրվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող փաստաթղթեր են, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվի, Ամուսնության պալատի, Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինների և Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից` քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա, քաղաքացիների դիմումների համաձայն:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` կրկնօրինակներ կարող են տրամադրվել`

 

ա) այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.

 

բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին, եթե քաղաքացիական կացության ակտի գրառումը վերաբերում է մահացածին.

 

գ) ծնողներին, օրինական ներկայացուցիչներին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, այն դեպքում, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրամադրման օրն անգործունակ է.

 

դ) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

 

16-18 տարեկան երեխաները ծննդյան վկայականների կրկնօրինակներ կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն անձը հաստատող փաստաթուղթ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել